Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել

Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է 
հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հետազոտողները հինգ մարդու, այդ թվում` նորածնի, մասունքներ են հայտնաբերել Լեհաստանում Ադոլֆ Հիտլերի երբեմնի գլխավոր նստավայրի տարածքում գտնվող նացիստական Գերմանիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Հերման Գերինգի տանը իրականացվող պեղումների ժամանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Der Spiegel հանդեսը։

Սարսափելի բացահայտումը կատարել են գերմանացի և լեհ հնագետները, որոնք պեղումներ են կատարում ժամանակակից Լեհաստանի Վարմինսկո-Մազուրյան վոյեվոդությունում գտնվող Հիտլերի՝ «Վոլֆշանցե» («Գայլի որջ») անվանմամբ հայտնի երբեմնի գլխավոր նստավայրի և գերմանական բանակի հրամանատարական համալիրի տարածքում։ Այստեղ է եղել նաև Գերինգի գլխավորած հաստատության կենտրոնակայանը։

Նշվում է, որ Գերինգի տունը համարվում էր մանրակրկիտ ուսումնասիրված, սակայն հնագետներից մեկը նկատել է հին փայտե հատակի մնացորդներ։ Հետագա պեղումների արդյունքում նախ հայտնաբերել են ջրատար խողովակներ, իսկ հետո՝ մարդու գանգի բեկոր։ Ավելի ուշ պեղվել են հինգ մարդկանց կմախքներ՝ երեք մեծահասակների, դեռահասի և երեխայի։ Ընդ որում, բոլորի մոտ բացակայում են ձեռքերն ու ոտքերը։

Հնագետ Օկտավիան Բարտոշևսկու կարծիքով՝ միանգամայն հավանական է, որ մարմինները թաղվել են տան կառուցումից հետո, քանի որ խողովակներն անցկացրած շինարարներն ավելի շուտ հայտնաբերած կլինեին մարդկանց մասունքները։ Սակայն, չի բացառվում նաև, որ աճյունները թաղվել են արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել։

«Գայլի որջ»-ը եղել է անտառում կառուցված ավելի քան 80 բունկերներ և ամրացված շինություններ ներառող համալիր, որը զբաղեցրել է 250 հեկտար տարածք՝ շրջապատված փշալարերով, ականապատ դաշտերով, դիտաշտարակներով, գնդացրային և հրետանային դիրքերով։ Գերմանական զորքերն այն լքել են 1945 թվականի հունվարին՝ խորհրդային զորքերի հզոր հարձակման պայմաններում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]